Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐ ԽՈՍՏՈՒՄ

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐ ԽՈՍՏՈՒՄ
16.09.2011 | 00:00

Բնականաբար, Նեռի գալուստը պիտի նախորդեր Քրիստոսի գալստյանը, որ Ավետարանում նկարագրվում- նմանվում է մեծ փոթորկի և հեղեղումների, երբ «ավազի վրա կառուցված տները խորտակվում են, իսկ վեմի վրա կառուցվածները` մնում աներեր»: Բայց բողոքական եկեղեցիները սկզբից ևեթ, բացի Քրիստոսից, կամա-ակամա, ցավոք, օտարից խաբվածություններ էլ էին ներկրել ու ներկրում են, իրենց հովիվների որոշակի չափով առաքելական հիմքից կտրված լինելու պատճառով: Որովհետև շեղ հիմքին շարվող պատը, եթե շեղություններ ունեցող հիմքին հավատարմելով բարձրանար, մի օր չէր դիմանա և կփլվեր: Իսկ որ այս եկեղեցիներն օտարի համար, ցավոք, մուտքի անցքեր ունեն, և այդ այն բանից է, որ հեռանալով արմատական սկզբնական եկեղեցուց, չունեցան եկեղեցի կառուցելու այն հիմնավոր ավանդները, որ Ղուկաս Ավետարանչի «Առաքելական կանոնները» հենարան հանձնարարականներն են: Առաքելական այս կանոններն ընդունվեցին Վերնատան հավաքատեղում, Հոգեգալստյան օրը, որպեսզի աշխարհի բոլոր եկեղեցիները մեկ և նույնը լինեին, ինչպես մեկ և նույնն է սուրբ Ավետարանը: Շատ պիտի ուզենայինք և այդ բանի համար իսկ խնդրում ենք մարդասեր Աստծուն, որ ստեղծի այնպիսի մի բարեվիճակ, որ Աստվածային զորավոր ձեռքով այս խնդիրները լուծվեն, և առաքելական եկեղեցուց աղանդներ հեռացածներն առողջ մեկնություններ կամ բացատրությունների հաց ճաշակելով` վերադառնան իրենց ժառանգավորական, ապուպապով մակաղատեղին: Իսկ որ Աստված զորավոր է այդ անել, տեսնում ենք ակնհայտ վկայություններից: Մեր հոդվածներից մեկում մենք խոսել էինք բողոքական եկեղեցու անդամ հայ մի տիկնոջ հայտնությունների գրքույկի մասին, որում Աստծո Հոգին թելադրություններ լսելու խոնարհություն և գրի առնելու շնորհ է ընծայել նրան: Եվ այդ թելադրությունները բացատրությունների, մեկնությունների անմիջականությամբ` հոգու սնունդ դառնալով, տիկնոջը բերել- խոնարհեցրել են առաքելական սուրբ եկեղեցու երկնային ու կենդանի կամարների ներքո: Բնականաբար, նման անսայթաք վերադարձի համար հարկ է նաև այնպիսի ոգու քաջություն, որ այդ կինն ունի (իր գրածներից ելնելով եմ ասում)` շարունակ պահեցողությամբ և աղոթանվեր կյանքով իր հանապազորդ օրն անցկացնելով: Գրքույկը, որ «Վերադարձ» է անվանվում, սկսվում է Հայոց հոգևոր պատմության խորհրդանշան ըմբռնումներով թելադրությունից: Եվ այս բաժնի ավարտին Տիրոջից այս խորհրդանշան թելադրությունը կա. «Ես պիտի հարություն տամ Իմ Հայեցի Հարսին` Սրտիս Սիրելիին, Իմ հավատի առաջնեկին: Ես Արևմուտքի աճեցրած բազմանուն և բազմատեսակ ճյուղերը պիտի էտեմ և պատվաստեմ Իմ ճշմարիտ Որթատունկին, որովհետև իմ Սերը նրանց չի թողել: Ես չեմ հանդիմանի նրանց, այլ կբուժեմ ախտերից և գրկիս մեջ կխնամեմ, մինչև ինձ պատվաստվեն ամբողջովին...»: Եվ ապա այն խորհուրդները հոգևոր վարվելակերպի, որ ՈՒսուցման Հոգին տալիս է տիկնոջը, որ ի սրտե հավատացողի համար, ըստ սուրբգրային ճանապարհի ըմբռնումների` մարգարիտներ են, խոնարհ ունկն ունեցողներին` խիստ օգտակար: Ապա Շնորհի Հոգին տիկնոջը ծանոթացնում է Հայոց առաքյալների և Գրիգոր Լուսավորչի գործունեության հետ: Ապա բացատրում է եկեղեցական խորհուրդների կարևորությունը, որ առաքինությամբ կնքում են հավատավոր մարդուն: Ապա, որ առաքելական եկեղեցում ծեսը կատարյալ համակարգ է: Ապա, որ Խաչը հիմքն է կյանքի: Գրքույկից մեջբերենք տիկնոջ գրառած կենդանագիր խոսքերից. «Խաչը իմ Հոր կողմից պատրաստված այն զոհասեղանն է, որի վրա պատարագվեցի, Ես, որպես անարատ Գառ` վերցնելով ողջ մարդկության մեղքը: Խաչը եղավ ձեզ քավություն և թողություն, փրկություն և հարություն: Խաչը հիմքն է Կյանքի, կնիքն է փրկության, Խաչը ճանապարհն է ճշմարտության, Դուռը Երկնային Արքայության, Խաչը լույսն է քրիստոնյաների, կերտողն է հավատքի... Ես մեկացած եմ Խաչի հետ: Ես հանուն ձեր սիրո փարվել եմ Խաչի չարչարանքներին: Խաչն Ավետարանն է Իմ Սիրո: Փարվի՛ր Իմ Խաչին, որդիս, համբուրիր Իմ Խաչը` Ես նրա վրա եմ: Կնքի՛ր քեզ իմ Խաչի նշանով...»։ Եվ բազում այլ սքանչելի դիտումներ Խաչի մասին, որ գրառում է տիկինը և իր անունն էլ չի հիշատակում, որպեսզի Աստված փառավորվի և ո՛չ թե իր անձը գայթակղություն հանդիսանա: Մարդիկ կան, որ այս գրքույկում գուցե իմաստախոսություններ փնտրեն և չգտնելով խաբվեն, թերի կոչելով, բայց իմ համոզմամբ` գրքույկը, մանավանդ բողոքական եկեղեցիների անդամներին Մայր առաքելական եկեղեցուն հարազատացնելու մի ոսկեշար, իմաստուն և գործնական զրուցընկեր է, ուղիղ հավատի մանկականության աստիճանակարգի, միայն թե հարկ է մեզ խելացիությամբ կարդալ:
Օրերս, սեպտեմբերի 8-ին սրբուհի Մայր Աստվածածնի ծննդյան տոնն էր: Աշխարհում հայտնի է, թե բողոքական եկեղեցիներն ինչպիսի ամլությամբ և Սուրբ գրքի ոսկե ուռկանից փախուստ տալով են դիտարկել Աստվածամոր ներկայացուցչական անփոխարինելի գործոնը հավատի, խոնարհության, հավատացյալի համար բարեխոսության կարևոր խնդիրներում, ամենևին հաշվի չառնելով կամ թերադիտելով Ավետարանական այն խոսքը Տիրամոր մասին, թե. «Բոլոր ազգերը քեզ երանի են տալու»: Իսկ ինչպե՞ս պիտի երանի տան, եթե Տիրամոր մեծությունն ու վեհությունը, Հիսուսի Մայրը լինելու պատվականությունը չճանաչեին: Եվ թեպետ բողոքական եկեղեցու անդամներից շատերը հարգում ու սիրում են իրենց ծնողներին, պատվում, բայց ահա Աստվածամոր վերաբերյալ ապստամբի վարք են դրսևորել ու դրսևորում, քանի որ սրանց հովիվները ասես ամոթալիորեն չեն կամենում Սուրբ գիրքը ճիշտ կարդալ-մեկնել: Սակայն Ավետարանչական եկեղեցուց մայր եկեղեցի վերադարձած այս կինը, հետևյալ թելադրությունն է գրառում Տիրամոր մասին. «Լսի՛ր, թե ինչ է ասում Հիսուս Խորհրդականն Իր Մոր մասին: Հաստատվիր խաղաղությամբ և հավատով, որ սատանան չգողանա սրտիցդ այն բարի սերմերը, որ ցանում եմ քո մեջ: Գիտե՞ս Իմ պատվիրանը. «Պատվիր քո հորը և մորը» (Մատթ. 15:4): Ի՞նչ ես կարծում, Ես կատարեցի՞ օրենքը: Այո՛, և ավելին, Ես կատարեցի Սիրո օրենքը: Ես պատվեցի և պատվում եմ Իմ Հորը և Իմ Մորը: Հայրս` Երկնքից, իսկ Մայրս` երկրից առնված: ...Նրա մասին է խոսում ողջ Աստվածաշունչ մատյանը: Նա երանելին է կանանց մեջ, իսկ Ես` տղամարդկանց մեջ: Նա որպես երկրորդ Եվա, իսկ Ես որպես երկրորդ Ադամ»: Տիկնոջ գրառումները Տիրամոր մասին սքանչելի են և մեջբերման համար բավականին ծավալուն: Խորհուրդ կտայինք գրքույկում կարդալ այդ հատվածն ամբողջապես: Սակայն ևս մի հատվածի մեջբերմամբ ավարտենք այս արժանավոր խոսքը. «Կամենում եմ, որ իմ Հարսը Նրան նմանվի, ինչպես Նա է անապական: Եթե աշխարհի բոլոր դուստրերը Մորս նմանվեին, մի՞թե աշխարհում այդքան ապականություն կգտնվեր»:
Բողոքական եկեղեցու անդամներից մեկի, մանավանդ Աստծո մատով վկայությունները, կարծում եմ առավել լավ լսելի պիտի լինեն այդ եկեղեցու հարանվանական ներկայացուցիչներին, որպեսզի նրանցից շատերը ևս վերադարձ ապրեն: Այս գրքույկի վկայություններին, Աստված կամենա, կրկին կանդրադառնամ, իսկ այժմ այն մասին, որ ճանաչողական վկայություններով քարոզումները լսողներ կան: Ահա մի նամակ, որ ստացել եմ ավետարանական եկեղեցում հավատի սերմնացանում ստացած մի քրոջից` Վերգինե Հովհաննիսյանից, որ նույնպես արդեն առաքելական եկեղեցու անդամ է համարում իրեն. մեջբերումս կրճատումներով է. «Հարգելի պարոն Ոսկանյան, նախ շատ շնորհակալ եմ Ձեր հետաքրքիր և բովանդակալից նյութերի համար, որոնք միշտ մեծ հետաքրքրությամբ եմ ընթերցում: Ձեր այս նյութը առանձնահատուկ ինձ հետաքրքրեց, քանի որ վերաբերում էր «Ավետարանական եկեղեցիներին»: Անկեղծ ասած` իմ մեջ հավատքի սերմեր ցանվել են հենց այդ եկեղեցում... և չի կարելի ավետարանական եկեղեցիները հավասարեցնել մորմոններին և «Եհովայի վկաներին», ինչը վերջին տարիներին արվում է ամեն պատեհ և անպատեհ առիթներով բոլոր լրատվական միջոցներով և համացանցով: Ավելին, ինձ համար առավել անհասկանալի է այս իրավիճակն այն առումով, որ նախ, տարիներ առաջ, երբ ավետարանական եկեղեցին նշում էր իր հիմնադրման 150-ամյակը, լուսահոգի Գարեգին Առաջին վեհափառն իր ողջյունի խոսքն ասաց Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկի բեմից, և հիշում եմ, ի՜նչ ոգեկոչող ելույթ էր դա... և թեև ես այսօր ինձ Հայ առաքելական եկեղեցու զավակ եմ համարում և հաճախում եմ Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցին, ցավ եմ ապրում այն թշնամական վերաբերմունքի համար, որ արժանացել են ավետարանական եկեղեցիները... Ի՞նչ պատահեց այս տարիների ընթացքում, որ թշնամություն մտավ երկու եկեղեցիների մեջ... փոխվեց ընդամենը կաթողիկոսը: ...Մի՞թե մոլորություններն ու տարաձայնություններն այնքան մեծ են, որ միայն հալածելով պիտի արմատախիլ անել... Միշտ աղոթում և խնդրում եմ, որ Աստված իմ ժողովրդին Իր իմաստությունն ու Հոգին տա, որ զգույշ լինենք սխալներ գործելուց, որ նախ Իր կամքն ու երկնային արքայությունը խնդրենք, հետո մնացածը»:
Քարոզելն ու հալածելը տարբեր, անգամ միմյանց հակառակ բաներ են: Ես հիշում եմ, որ ժամանակ կար, երբ Հայ առաքելական եկեղեցու քարոզիչները հրավիրվում էին ավետարանականներին էլ քարոզելու, դրանից ավելին էլ ի՞նչ կարելի էր կամենալ, երբ իրավունք են տալիս քարոզությամբ մշակություն անել, ընդ որում մեր հայ ժողովրդի զավակներն են, օտար չեն, երբ ավետարանական եկեղեցիներում մեծաթիվ հասարակ հավատացյալ ժողովուրդ կա, եթե հալածում-հարվածում ենք` նույն պահին հարվածում-հալածում ենք այդ իսկապես հավատավոր ճյուղերին, որոնց Տերը մենք չենք, այլ Քրիստոս: Տարիներ առաջ ես ո՛չ թե սրտիս լսելով, որ այլ բան էր ասում, այլ աղանդ են ասելով, խիստ, սրատող խոսքերով հոդվածի նման մի բան էի գրել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Մի քանի շաբաթ Տիրոջ զորությունն անցավ իմ մեջ, Տերն ինձ բավական չարչարեց, գրեթե խեղճացրեց, մինչև հասկացա, որ վատ բան արեցի: Եվ երբ հասկացա, հանգիստ թողեց ինձ: «Այդ ժողովուրդն իմն է,- ասաց,- ինչո՞ւ ես սրատում, ո՛չ թե ասելիքդ է շեղ կամ մոլոր, այլ չե՛ս սիրում: Իմ մշակը պիտի սերը հենարան դարձնի` ընդամենը մի քանի խոսք խոսելու համար»: Եվ էլի բաներ ասաց որոշ հոգևորականների վերաբերող, որ փոխանակ այգու մշակների նման քարոզեն` քաղցրությամբ խոսելով, կացիններ են հանում մատղաշ ծառերի դեմ: Հիշենք մեր էպոսը, երբ Դավիթը կոտորում էր Մսրա Մելիքի ստիպմամբ պատերազմի դաշտ եկած հասարակ ժողովրդին: Ի վերջո, մի իմաստուն ծերունի ելավ Դավթի դեմ ու ասաց. «Մսրա Մելիքն է քո հակառակորդը, նրա դեմ գնա, այս խեղճ ժողովրդին ինչո՞ւ ես կոտորում»: Ի վերջո, ի սրտե Քրիստոսին նվիրյալների մի բավական մեծ զանգված են ավետարանական եկեղեցու հավատացյալները, չեմ ասում, թե հարազատ արմատին պատվաստված, այլ ի սրտե քարոզումներ են պետք նրանց վերադարձնելու հարազատ իրենց մակաղատեղին` Մայր առաքելականը: Մի բան, որ տեսնում ենք այս երկու կանանց վերադարձի վկայության մեջ: Նորից մեջբերեմ «Վերադարձ» գրքույկի հեղինակի հայտնությունից, որտեղ Տերն ասում է. «Ես պիտի հարություն տամ Իմ Հայեցի Հարսին` Սրտիս Սիրելիին, Իմ հավատի առաջնեկին: Ես Արևմուտքի աճեցրած բազմանուն և բազմատեսակ ճյուղերը պիտի էտեմ և պատվաստեմ Իմ ճշմարիտ Որթատունկին, որովհետև իմ Սերը նրանց չի թողել: Ես չեմ հանդիմանի նրանց, այլ կբուժեմ ախտերից և գրկիս մեջ կխնամեմ, մինչև ինձ պատվաստվեն ամբողջովին...»:
Վերջին նախադասությունը վերստին կրկնենք, մեր մտքերն ու սիրտը մարդկային գետնաքարշ մտածողությունից Աստվածայինն ուղղել-շեշտելու համար. «Ես չեմ հանդիմանի նրանց, այլ կբուժեմ ախտերից և գրկիս մեջ կխնամեմ, մինչև ինձ պատվաստվեն ամբողջովին...»: Այդ գիրկն ու Որթատունկը, բնականաբար, Հայոց առաքելական սուրբ եկեղեցին նկատի ունի, որ պիտի Արևմուտքի աճեցրած բազմանուն և բազմատեսակ ճյուղերը, որ բազմանուն և բազմատեսակ աղանդներն են, Տերն իր զորավոր ձեռքով բերի ու պատվաստի իր Որթատունկին, այն է` Մայր առաքելական սուրբ եկեղեցու Արմատականին: Իսկ զորավոր այդ գործերի մեջ, ինքս որ արդար չեմ գտնում մեր քաջ և իմաստուն քահանաներից, ասենք` Տեր Աթանասին, այստեղ աշխատեցնելու փոխարեն, ուղարկելը Արցախի հեռավոր մի գյուղ, կամ Արցախի թեմից` Հայր Հակոբին, որ գրեթե սրբի վարքով է ապրում, ում նվիրվածությունը մաքուր է, հայտնությունների շնորհներով զարդարված, կարգալույծ անել: Եթե մենք սկսենք մեզ հալածել, արդյո՞ք Աստծո բարկությունը չենք շարժի: Մարդ լինելով ամենքս ենք սխալներ թույլ տալիս, բայց Աստծո սերը քաջալերում է նաև` ուղղել մեր սխալները` ի բարօրություն ամենքիս և մեր Հայոց սուրբ Որթատունկի` Մայր առաքելական մեր եկեղեցու: Աստծո գործնական բարին խնդրենք յուրաքանչյուրիս համար: Ամե՛ն:
Այսօր հարկ ու պատշաճին է, որ մեր առաքելական եկեղեցին առավել զորանա, քանի որ մեկնաբանող, քարոզող, աղոթքով հիվանդներին ոտքի հանող, վերքեր վիրակապող մշակների խիստ սակավություն կա մեր կյանքի բոլոր բնագավառներում: Գարեգին Երկրորդի գահակալության օրերին, ճիշտ է հոգևորականների թիվը կրկնակի ավելացավ, քան իր գահակալությունից առաջ էր, փառք Աստծո, բայց այսօրվա ընդհանուր մշակության դաշտի մեջ, որ Հայաստան աշխարհն է` հոգևորական մշակների թիվը հինգ անգամ ավելին պիտի լիներ, որ հավասարվեր պատշաճ մշակության գործնական արդարությանը: Այդժամ, բնականաբար, աղանդների մեջ տասնյակ հազարներով տարաբաժանված ժողովուրդը` առավել մեծ հոսքով կսկսեր վերադառնալ իր մակաղատեղին` Մայր առաքելական իր եկեղեցին: Ինձ, որպես կողքից դիտորդի, ամենևին անտանելի կամ անհնարին չի թվում ճեմարանական կրթության աշակերտների թիվը տասն անգամ ավելացնելը, քան այսօր է: Որովհետև այդպես ո՛չ թե մշակների ավելորդություն կառաջանա, այլ մտավորական որակյալ մշակների թիվը կավելանա Հայոց աշխարհում, բնականաբար, նրանց մի մասը հոգևորական չի դառնա, բայց իրենց կրթությունն իսկ աշխարհում կգործադրեն, որպես բարի սերմնացաններ, ինչպես Հայոց պատմության մեջ է վավերագրված, թե աշխարհիկ հանճարեղ մարդկանցից ոմանք ճեմարանական կրթություն եթե չունենային, չէին հասնի այն հասունությանն ու մեծությանը, եթե հոգևոր կրթության դպրոցի բովով անցած չլինեին: Որպես օրինակ կարող ենք հիշել Ավետիք Իսահակյանին, իսկ թեմային առավել տեղյակները կարող են և պատկառելի մի ցուցակ ներկայացնել, թե ճեմարանական կրթությունը որքան օգտակար է եղել Հայոց աշխարհին, Հայոց մտավորականության դասն էլ համալրելով ու պայծառացնելով: Աստվա՛ծ ամենքիս օգնական, յուրաքանչյուրիս Իր իսկ կոչած բարի մշակության ասպարեզների մեջ: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2198

Մեկնաբանություններ